ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին
17.04.2024 | 22:53

Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։ Փողոցային բառապաշարով, ակնհայտ ագրեսիվ ու սպառնալից տոնով Սուքիասյանն արձագանքել է այն հարցերին, որոնք Ջեբեջյանը՝ որպես հանրային տրամադրությունները փոխանցող լրագրող, ուղղել է պատգամավորին։

Սա տեղի է ունեցել իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի խորհրդարանում, որի իշխանական ներկայացուցիչներն անդադար խոսում են մարդու իրավունքների մասին, օրենքներ են ընդունում կանանց իրավունքները պաշտպանելու ու նրանց հանդեպ բռնություն թույլ չտալու մասին։ Այդ նույն խորհրդարանում, սակայն, իշխանական պատգամավորը թույլատրելիության սահմանն անցած վերբալ բռնություն է գործադրում կին լրագրողի նկատմամբ, անվանարկում նրա ընտանիքը, սակայն «կանանց իրավունքների պաշտպանությամբ» զբաղվող որևէ նախկին քաղաքացիական ակտիվիստ պատգամավոր որևէ կերպ դրան չի արձագանքում։

Դատապարտման որևէ խոսք չի հնչում նաև տասնյակ «իրավապաշտպան» կազմակերպությունների, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների կողմից, ովքեր մինչև 2018 թվականը երեկ տեղի ունեցածի հետ անհամեմատելի որևէ միջադեպի առթիվ բողոքի տարատեսակ ակցիաներ էին կազմակերպում։

«Առավոտի» գլխավոր խմբագիրը ժամանակին բացահայտել է, թե տարիների ընթացքում ովքեր են օժանդակել թերթի կայացմանը: Սակայն Վանո Սիրադեղյանի հրահանգով թերթը ֆինանսավորած, իսկ հետո այն դադարեցրած Խաչատուր Սուքիասյանը հիմա խեղաթյուրում է իրենից հետո տեղի ունեցածը՝ հարմարեցնելով այն Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած ակնարկներին ու քաղաքական նպատակահարմարությանը:

«Առավոտ» օրաթերթի լրագրողի դեմ Խաչատուր Սուքիասյանի ցուցաբերած սանձարձակ վարքագիծը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի ավտորիտարիզմ, որի պայմաններում իշխանությունը չի հանդուրժում իր տեսակետից տարբերվող որևէ կարծիք։

Սուքիասյանը հավանաբար ոգեշնչվել է այն փաստից, որ իր անթույլատրելի վարքագծին նախորդել է ոստիկանության թողտվությամբ քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ տեղի ունեցած խոշտանգումը, բռնությունը, որը ևս կա՛մ որևէ արձագանքի չի արժանացել իրենց «իրավապաշտպան» հռչակածների կողմից, կա՛մ նույնիսկ արդարացվել է։

Տեղին է նկատել, որ Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը՝ քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Հայաստանում վերջին տարիներին համատարած դարձած ու վերջին շրջանում առավել սաստկացած բռնաճնշումները վկայում են քաղաքական իշխանության այլասերման մասին։ Դրանք բոլորը տեղի են ունենում բարձրագույն իշխանության, Նիկոլ Փաշինյանի առնվազն լուռ թողտվությամբ, հնարավոր է՝ խրախուսմամբ։ Իսկ լրագրողների նկատմամբ իշխանությունների ագրեսիվության խորքային պատճառն այն է, որ մամուլը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, մնացել է իշխանությանը հակակշռող միակ կենսունակ համակարգը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավորին անհարիր վարքագիծը, պատկան մարմիններից պահանջում է քննություն իրականացնել կատարվածի առթիվ՝ համապատասխան հետևանքներով, կոչ է անում Հայաստանում գործող դեսպանատներին, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ համարժեք արձագանքել տեղի ունեցածին և հանուն կոնյունկտուրային նպատակների՝ աչք չփակել Հայաստանում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իշխանության կողմից իրականացվող բռնությունների վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

17.04.2024թ.

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ